Անահիտի ընտանիքը, ընդգրկվելով Աղքատության հաղթահարման ծրագրում, կարողանում է արդեն հոգալ իր կարիքները
Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկում` վագոն-տնակի կողքին, քարաշեն տանը ապրում է չորս հոգանոց ընտանիք, որը մինչև տուն կառուցելը յոթ տարի շարունակ ապրել է վագոն-տնակում` ծայրահեղ դժվար պայմաններում: Բակի պարանից կախված է ճերմակ լվացքը հուշում է, որ տան բնակիչները կամաց-կամաց կարգավորում են իրենց կյանքը:
Անահիտն ու ամուսինը մեծացնում են երկու որդիներին: «Սկզբում ապրում էինք ամուսնուս ծնողների տանը, երեք տարի հետո առանձնացանք: Դժվարությամբ տուն ենք սարքում, սկզբից վարկ վերցրեցինք, որ ննջարան սարքենք, հետո մնացածի համար չհերիքեց…ջուրը ջրհորից ենք հանում, մինչև բերում, տաքացնում էինք…հոսանքով թանկ էր ստացվում: Վորլդ Վիժնի աշխատակիցները մեզ ձեռք մեկնեցին. արևային ջրատաքացուցիչը որ տվեցին, ամեն ինչ փոխվեց, արդեն լողանում ենք տաք-տաք, ամանները լվանում...»,-շնորհակալությամբ ասում է Անահիտը:
Ընտանիքի հոգսերը թեթևացնում են նաև ընտանի կենդանիները: Վորլդ Վիժն Հայաստանի Աղքատության փուլային հաղթահարման ծրագրով ընտանիքին տրվել է 13 ոչխար, որոնցից ծնված գառնուկները վաճառելով՝ կարողացել են շարունակել տան շինարարությունը:
Ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
«Նոր գառներ որ ծնվեն, էլ չենք վաճառի, կշատացնենք կենդանիները: Վորլդ Վիժնն ինձ օգնեց նաև մասնագիտություն ունենալու հարցում: Ուղարկեցին Գավառ՝ վարսահարդարում սովորելու համար: Երեք ամիս սովորեցի ու հիմա իմ տանը հաճախ սպասարկում եմ հաճախորդներիս՝ մազ եմ կտրում, ներկում... Շատ եմ հավանել նաև այգեգործության դասընթացները, հիմա արդեն գիտենք` ինչպես կարտոֆիլ մշակենք, որ շատ բերք տա: Մասնակցել ենք նաև ֆինանսները տնտեսելու մասին դասընթացին ու շատ նոր բաներ սովորել: Մենք ընտանիքով շատ ուրախ ենք, որ մեզ ընդգրկել են Վորլդ Վիժնի ծրագրերի մեջ ու ամեն ինչ անում ենք, որ արդարացնենք իրենց սպասելիքները»,-ասում է Անահիտը:
Անահիտի մեծ տղան, ոգևորված ընտանեկան հաջողություններով, ինքնակամ հաճախում է մսավաճառի խանութ` սովորելու մսագործի վարպետությունը: Նա ևս ձգտում է օգնել ընտանիքին, քանի որ տեսնում է փոփոխություն դեպի լավը:
«Վորլդ Վիժնը մեր նման ընտանիքներին շատ է օգնում: Դասընթացների ժամանակ ես ծանոթացա մեր նման ապրող շատ մարդկանց հետ ու տեսա, որ օգնության դեպքում բոլորն էլ ոգևորվում են ու ցանկանում էլ ավելի լավ արդյունքներ ցույց տալ: Մեք շատ շնորհակալ ենք նրանցից»,-ասում է Անահիտը:
Ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել՝ կյանքի որակը: