Գարգառում առաջին անգամ անցկացվեց «Գարգառի Բրոկոլի» փառատոն

Չորեքշաբթի, Հուլիս 26, 2017

Լոռու մարզի Գարգառ գյուղում կազմակերպվել էր բրոկոլիի փառատոն, որի նպատակն էր նպաստել գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, տեղացիներին և զբոսաշրջիկներին ներկայացնել Գարգառ գյուղում աճեցվող բրոկոլին՝ որպես առողջ սննդի անբաժանելի մաս, ինչպես նաև բարձրացնել այս մշակաբույսի օգտակարության և առողջարար նշանակության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը:

Փառատոնին  մասնակցում էին նաև Վորլդ Վիժն Հայաստանի Լոռու մարզի Տնտեսական  զարգացման  ծրագրի  ֆերմերային  խմբերը, որոնք  հնարավորություն ունեցան ներկայացնելու  իրենց  արտադրանքը  սպառողներին:  Տաղավարներում ներկայացված էին նաև  այլ  համայնքների  խմբեր և անհատներ:  

Փառատոնն ուղեկցվեց բրոկոլիից պատրաստված ուտեստների հյուրասիրությամբ, ազգային երգ ու պարով, «Ձմերուկ» մանկական զարգացման կենտրոնի յուրահատուկ շոու ծրագրերով: Ներկա բրոկոլիասերները հնարավորություն ունեցան գնելու օգտակար բանջարեղենը հենց աճեցնողներից: