«CLASS» ծրագրի շնորհիվ Գոհարը դարձավ պահանջված դերձակ, ով կարողանում է հոգալ մեծ ընտանիքի կարիքները
Կարմիրգյուղի բնակիչ 37-ամյա Գոհարն ապրում էր 11 հոգանոց ընտանիքում՝ ամուսնու և երեք երեխաների հետ։ Ամուսինը զբաղվում էր հողագործությամբ, իսկ Գոհարը գյուղի առաջին միջնակարգ դպրոցում աշխատում էր որպես լաբորանտ։ Բազմանդամ ընտանիքի հոգսերն ու առօրյա խնդիրները շատ էին, իսկ եկամուտը՝ քիչ։ Գոհարն ընտանիքի հոգսը փորձում էր թեթևացնել՝ կարի պատվերներ ընդունելով․ համագյուղացիների հագուստների թերություններն էր շտկում, բայց երազում էր կարի մեքենա ունենալ և անկողնային պարագաների փոքրիկ բիզնես հիմնել։
«Կար ու ձևի հանդեպ սերս դեռ մանկուց է եղել․ տիկնիկներիս զգեստներն էի կարում, հետո՝ եղբորս տաբատները ձևում, իսկ հիմա կարի մեքենա ունեմ, ինչի շնորհիվ գումար եմ վաստակում և կարող եմ իրականացնել երեխաներիս երազանքները», - ասում է մասնագիտությամբ կենսաբան Գոհարն ու հպարտանում, որ կարողացել է սեփական գործով դուրս բերել իր ընտանիքը դժվարին իրավիճակից։
Գոհարի բազմանդամ ընտանիքում փոփոխությունները սկսեցին այն պահից, երբ Վորլդ Վիժնի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում համայնքային սոցիալական աշխատողն իրականացրեց ընտանիքի կարիքների գնահատում։ Սոցիալական աշխատողի առաջարկով՝ Գոհարի ընտանիքն ընդգրկվեց «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում, արդյունքում՝ կինը ստացավ իր «երազանքների կարի մեքենան»։
Այսօր Գոհարը հայտնի ու պահանջված դերձակ է Կարմիրգյուղում ու հարակից համայնքներում։ Իր գործերը ներկայացնող ֆեյսբուքյան էջի միջոցով (https://www.facebook.com/profile.php?id=100070624341474) Գոհարի աշխատանքներն արդեն շատերին են ծանոթ։
«Պատվերներն այնքան շատ են, որ երբեմն չեմ կարողանում ժամանակին ավարտել։ Հիմա վստահ կարող եմ ասել, որ ծրագրի շնորհիվ երազանքներն իրականություն են դառնում, իհարկե, հետո էլ մեծ ցանկություն ու ձգտում է պետք ձեռքբերածը պահելու ու հաջորդ երազանքների հետևից գնալու համար։ Վստահ եմ, որ շատ շուտով նաև մեր սեփական անկյունը կունենանք»,- ասում է Գոհարն ու շտապում պատվերները փաթեթավորելու։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում 71 խոցելի ընտանիք արդեն ստացել է աջակցություն, որի շնորհիվ բարելավվել է ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը։
CLASS-ը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը, Մանկական զարգացման հիմնադրամը, Կանանց աջակցման կենտրոնը և «ԱՌՆԱՊ» հիմնադրամը։