Կարևոր զարգացումներ` «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում

2021 թվականի հուլիսից Վորլդ Վիժն Հայաստանի կողմից մեկնարկած «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրով նախանշված նպատակների իրագործման և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում պետական լիազոր մարմինների ու հասարակական կազմակերպությունների միջև երկուստեք ջանքերի մեկտեղմամբ ռազմավարական համագործակցություն ծավալելու տեսլականից ելնելով՝ թիմի անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կառավարությանն ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրավասուների հետ՝ ի դեմ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ տիկին Գոհար Դարբինյանի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակման ու կատարելագործման, պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման արդյունավետության բարձրացման կապակցությամբ Տեսչական մարմնի ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման և շարունակական կատարելագործման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ։
Համագործակցության հետագա ընթացքի և մանրամասների մասին կիրազեկենք հաջորդիվ։