17 ընտանիք Գեղարքունիքի մարզում ստացան նոր աշխատանքային գործիքներ
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում վերապատրաստված 17 շահառու ընտանիքի Գեղարքունիքի մարզի 4 համայնքում հանձնվեցին աշխատանքային գործիքներ։
Շահառու ընտանիքների մասնագիտական վերապատրաստման ուղղությունները ներառել են վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, կար ու ձևի, հրուշակագործության դասընթացներից մինչև խոհարարության, ծաղիկների ձևավորման, կոսմետոլոգիայի, գրաֆիկական դիզայնի և տարատեսակ այլ ոլորտների դասընթացներ։
Բոլոր համայնքներում աշխատանքային գործիքների հանձնմանը ներկա են եղել նաև համայնքային սոցիալական աշխատողները, ովքեր ծրագրի շրջանակում ակտիվորեն աշխատել են ինչպես ծրագրային թիմի, այնպես էլ իրենց համայնքի շահառու ընտանիքների հետ։
Այցը մեկնարկել է մարզկենտրոնից, շահառուների հետ հանդիպումը և աշխատանքային գործիքների հանձնումը տեղի է ունեցել Գավառի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Վարսենիկ Խաչատրյանը շնորհավորել է շահառուներին և հույս հայտնել, որ մասնագիտական նոր հմտությունները և նոր աշխատանքային գործիքները հետագայում հաջողությամբ կիրառվելու են և ընտանիքների համար ֆինանսական կայունության հիմք են դառնալու։ Նա նշել է, որ կարողացել է բարելավել նաև իր մասնագիտական հմտությունները և ավելի արդյունավետ աշխատել իր համայնքի ընտանիքների հետ, քանի որ ինքը ևս (CLASS) ծրագրի մեկ այլ՝ մասնագիտական կրթության ու վերապատրաստումների բաղադրիչի շրջանակում եղել է ԵՊՀ «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի ուսանող։
Շրջայցը շարունակվել է Մարտունի համայնքում, որտեղ նույնպես աշխատանքային գործիքները հանձնել է համայնքի սոցիալական աշխատող Նաիրա Գասպարյանը։ Շահառու ընտանիքների հետ ամսիներ շարունակ ակտիվ աշխատանքը վերջինիս թույլ է տվել ինչ-որ չափով իր մասնագիտական հպարտությունն ու հաջողությունը համարել շահառուների ձեռքբերումները։
Միջոցառմանը Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի հետ համագործակցությունն արդյունավետ է եղել խոցելի ընտանիքների հետ աշխատելու առումով՝ հատկապես անցնող տարվա ճգնաժամային իրավիճակների համատեքստում։
Հաջորդ համայնքում՝ Վարդենիսում, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն անձամբ ողջունել է շահառուներին ու ծրագրի թիմին՝ համայնքի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությանը տարիներ շարունակ իրենց համայնքում տարատեսակ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։
Վարդենիս համայնքի սոցիալական աշխատող Մարինե Մնացականյանը նշել է, որ շահառու ընտանիքների ընտրության հարցում շատ կարևոր է եղել սոցիալական աշխատողի կողմից իրավիճակի ճիշտ գնահատումը, քանի որ դրանով է պայմանավորված հետագա աջակցության հասցեական կազմակերպումը։ Այս առումով ծրագրային թիմը և սոցիալական աշխատողները ծավալուն աշխատանք են իրականացրել։
Շրջայցն ավարտվել է Ճամբարակում, որտեղ Գեղարքունիքի մարզի շահառուների վերջին խումբն ստացել է աշխատանքային գործիքներ։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի «Աղքատության փուլային հաղթահարում» բաղադրիչի շրջանակում խոցելի խմբերի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրային գործողությունները մեկնարկել են դեռևս 2021 թվականին։ Ծրագրին ընդհանուր առմամբ, ՀՀ բոլոր մարզերից ու Երևանից ընտրված խոցելի խմբերից մասնակցել է 500 շահառու, որոնցից 494-ն ստացել են աշխատանքային գործիքներ մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն ստանալու համար։ Ընտրված շահառուներից 368-ն անցել են նաև երեք ամիսների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ նոր մասնագիտություն ձեռք բերելու կամ բարելավելու իրենց մասնագիտական հմտությունները։
Այս հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Վորլդ Վիժն Հայաստանը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: