800 ընտանիք ստացել են աջակցություն Վորլդ Վիժն Հայաստանից

Eight hundred families receive in-kind support from World Vision Armenia
Ուրբաթ, Հոկտեմբեր 23, 2020

800 ընտանիք` ընդհանուր առմամբ 4000 մարդ, որոնք կամավոր կերպով Հայաստան էին եկել Լեռնային Ղարաբաղից, Վորլդ Վիժն Հայաստանից ստացել են սննդի և հիգիենայի փաթեթներ՝ նախատեսված երկու շաբաթվա համար։

Այս ութ հարյուր ընտանիքները Հայաստանում տեղավորվել էին Չարենցավանի և Դարբնիկի համայնքներում, իսկ Վորլդ Վիժնը հնարավորություն էր ստեղծել աջակցելու նրանց «Կայուն լուծումներ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար» (SSIDCAP) ծրագրի շրջանակներում մոբիլիզացված դրամական միջոցների շնորհիվ։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի գրասենյակի կողմից:

«Հաշվի առնելով ներկայիս հումանիտար ճգնաժամը` Վորլդ Վիժնն իր դոնոր կառույցների հետ քննարկում նախաձեռնեց, որպեսզի հնարավորություն ունենա վերահատկացնել ծրագրային որոշակի ռեսուրսներ՝ կամավոր կերպով Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած ընտանիքների կարիքները հոգալու համար։ Շնորհակալ եմ ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի գրասենյակի իմ գործընկերներին համագործակցության համար, ինչը թույլ տվեց Վորլդ Վիժնին հոգալ հակամարտությունից տուժած ընտանիքների կարիքները», - ասում է «Կայուն լուծումներ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար» ծրագրի ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 27-ին վերսկսված հակամարտության պատճառով արդեն ավելի քան 900 մարդ է զոհվել, նրանց թվում նաև խաղաղ բնակչություն և երեխաներ։

Այս պահին դեռևս չկան պաշտոնական տվյալներ, թե քանի խաղաղ բնակիչ է Լեռնային Ղարաբաղից ժամանել Հայաստան։ Համաձայն չճշտված աղբյուրների՝ այդ ընտանիքների թիվը տատանվում է 5000-9000-ի սահմաններում։ Լեռնային Ղարաբաղից ժամանող խաղաղ բնակիչները հիմնականում հյուրընկալվում են Հայաստանում որևէ ընտանիքի կողմից կամ անվճար տեղավորվում են հյուրանոցներում։ Ընտանիքները ժամանում են առանց որևէ ունեցվածքի, և սովորաբար չունեն ապրելու որևէ միջոց։ Հայաստան են գալիս մեծամասամբ կանայք, ծերեր և երեխաներ, քանի որ տղամարդիկ մեկնում են առաջնագիծ։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք մեզ աջակցում են այս դժվարին իրավիճակում։ Վորլդ Վիժնը մեզ սնունդ և հիգիենայի պարագաներ տվեց, ինչը թույլ կտա այդ մասին չանհանգստանալ գալիք երկու շաբաթների ընթացքում»,- ասում է Արեգնազան Ավետյանն, ով Ղարաբաղից Հայաստան է եկել իր վեց երեխաների, սկեսրոջ, ամուսնու քրոջ և նրա հինգ երեխաների հետ։ Նրանք բոլորն այս պահին բնակվում են Չարենցավանում գտնվող մի փոքրիկ բնակարանում։

Ի պատասխան հումանիտար ճգնաժամին, Վորլդ Վիժնը զինվում է, որպեսզի կարողանա արձագանքել հակամարտությունից տուժած ընտանիքների արագորեն աճող կարիքներին։ Որպես միջազգային մարդասիրական կազմակերպություն` Վորլդ Վիժնը մոբիլիզացրել է իր ռեսուրսները, որպեսզի կարողանա աջակցել Հայաստանում գտնվող ավելի քանի 9000 ընտանիքի և նրանց երեխաներին։ Սա ենթադրում է ինչպես բնաիրային, այնպես էլ սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ երեխաների համար հարմարավետ միջավայրի ստեղծում և անհրաժեշտ ուղղորդումներ։