Արմինեի ընտանիքը հաղթահարել է աղքատությունը. նրանք այսօր վայելում են արժանապատիվ կյանքը հինգ երեխաների հետ միասին
Արմինեի* բազմանդամ ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի համայնքներից մեկում: Դեռ մի տարի առաջ ընտանիքն ապրում էր դժվար պայմաններում. հայրիկի աշխատավարձը բավարար չէր հինգ երեխաների կարիքները հոգալու` հագուստ, սնունդ, հիգիենայի և դպրոցական պարագաներ գնելու համար:
Երբ Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողը սկսեց մասնագիտական ծառայություններ տրամադրել Արմինեի ընտանիքին, առաջին հերթին կարիքների գնահատում կատարեց և պարզեց, որ երեխաների մայրը կարելու լավ հմտություններ ունի: Արմինեին տրամադրվեց կարի մեքենա և կտորեղեն` անկողնային սպիտակեղեն և խոհանոցային սրբիչներ կարելու համար: Վորլդ Վիժնը ընտանիքին տրամադրեց նաև որոշակի առաջին անհրաժեշտության կահույք, ինչպես նաև սնունդ, հիգիենայի պարագաներ և գրենական պիտույքներ երեխաների համար։
Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողը զուգահեռ աշխատում էր համայնքային սոցիալական աշխատող Արփինե Ալավերդյանի հետ, ով ընտանիքի հայրիկին ուղղորդեց զբաղվածության տարածքային կենտրոն: Արդյունքում հայրը սկսեց մասնակցել կարճաժամկետ վճարովի հասարակական աշխատանքների` ապահովելով լրացուցիչ եկամուտ:
Ընտանիքն ապրում էր հարազատների տանը, բայց Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողի և համայնքային սոցիալական աշխատողի համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ գտնել անհատ նվիրատուի, որն ընտանիքին աջակցեց Տավուշի մարզի գյուղերից մեկում մասնավոր տուն գնել: Արփինե Ալավերդյանի մեկ այլ միջամտությամբ ընտանիքը համայնքապետարանից ստացավ նախկինում օգտագործված, սակայն պիտանի շինանյութ` սեփական տան վերանորոգման համար։
Վորլդ Վիժնի աջակցությամբ երեխաներից մեկը ներգրավվեց Վորլդ Վիժն Հայաստանի երկարօրյա կենտրոնում, որտեղ կատարում է դասապատրաստում և հաճախում է կյանքի հմտությունների զարգացման ակումբ։
Բացի այդ, սոցիալական աշխատողի միջնորդությամբ բոլոր հինգ երեխաներն սկսեցին հաճախել Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցի դասերին:
Այսօր երեխաների մայրը մշտական աշխատանք ունի, ընտանիքն ունի կահավորված սեփական տուն, կայուն եկամուտ, ինչն էլ թույլ է տալիս հոգալ երեխաների կարիքները։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի միջոցով Վորլդ Վիժն Հայաստանը և ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում են Հայաստանին՝ արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով ամրապնդելու սոցիալական պաշտպանության համակարգը, ինչպես նաև բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը:
Այս ծրագրի իրականացման ընթացքում Արմինեի ընտանիքի հետ աշխատող Արփինե Ալավերդյանն իր ավելի քան 85 գործընկերների հետ միասին մասնակցել է աշխատանքին վերաբերող կարողությունների զարգացման մի շարք վերապատրաստումների և մինչ այսօր շարունակում է աշխատել ավագ սոցիալական աշխատողների հետ սուպերվիզիայի շրջանակներում: