Դժվարությունները չեն կոտրել Անիչկային. նա շարունակում է աշխատել ու հավատալ վաղվա օրվան
Անիչկան երիտասարդ կին է, բայց հոգսերի ու դժվարությունների պատճառով տարիքով ավելի մեծ է երևում: Հարսը թողել է ութ տարեկան երեխային ու հեռացել, որի խնամքն ամբողջովին Անիչկայի ուսերին է: Որդին մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին ու 120 օր շարունակ գերեվարված եղել. ոտքի լուրջ վնասված է ստացել ու հիմա վերականգնողական շրջանում է:
Լոռու մարզի համայնքներից մեկում բնակվող այս ընտանիքը քսանութ տարի ապրել է տնակում, անասելի ծանր պայմաններում: Վերջերս Անիչկան վարկով նոր տնակ է գնել՝ հուսալով, որ գոնե ապրելու համեմատաբար ավելի լավ պայմաններ կունենան:
«Որ բողոքեմ, ի՞նչ կփոխվի: Չեմ բողոքում, ամբողջ օրն աշխատում եմ: Ես ամբողջ կյանքում աշխատել եմ՝ անասուն եմ պահել, հող մշակել…Երբ հայտնեցին, որ գերի ընկած որդիս վերադառում է՝ ես նորից ծնվեցի, ի՞նչ բողոքեմ, միայն թե առողջանա», - ասում է Անիչկան:
«Քանի կան Վորլդ Վիժնի նման կազմակերպություններ, որ ձեռք են մեկնում ու օգնում՝ մենք մենակ չենք: Նրանք թոռնիկիս՝ Անգելինայիս մասին դպրոցից էին իմացել ու եկան մեր տուն: Չեք պատկերացնի` ինչ մեծ օգնություն կազմակերպեցին մեզ համար: Հագուստ, գրենական պիտույքներ, սնունդ…», - կիսվում է Անիչկան:
Նրա ընտանիքը ներառվել է Վորլդ Վիժնի Աղքատության փուլային հաղթահարման ծրագրում, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից:
Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողները տնտեսական զարգացման մասնագետների հետ միասին մշակեցին զարգացման պլան Անիչկայի ընտանիքի համար, և արդյունքում ընտանիքը ստացավ կով ու հորթ, ինչպես նաև մեկ տարվա խոտ: Արդեն մի քանի հորթուկ են ունեցել կովերը, ինչը հնարավորություն է տվել հորթուկները վաճառել ու խոտ գնել. շուտով նոր հորթուկ էլ կունենան:
«Գյուղ է, պայմաններն ուրիշների մոտ էլ լավ չեն, բայց մենք հիմա ընտիր լոգարան ունենք՝ լվացքի մեքենայով, լվացարանով…Վորլդ Վիժնն է կառուցել ու տվել մեզ, հեռուստացույց էլ են բերել: Մեր սոցիալական աշխատող Լուսինեն ոնց որ իմ աղջիկը լինի՝ զանգում է, գալիս, հետաքրքրվում, երիտասարդ է, բայց նրանից շատ բան կա սովորելու»,-ուրախությամբ պատմում է Անիչկան:
Քանի որ ընտանիքում Արցախյան պատերազմի մասնակից կա, Գերմանիայի մարդասիրական կոալիցիայի կողմից տրամադրված դրամաշնորհային վեցամսյա ծրագրի շրջանակում Անիչկայի թոռնուհի Անգելինան հաճախում է Վորլդ Վիժնի «Նավակ» ցերեկային կենտրոն, որտեղ խաղային անկյուն կա:
Անիչկան շատ ակտիվ մասնակցում է նաև Վորլդ Վիժնի կազմակերպած դաընթացներին,- «Ոչ մի դաս բաց չեմ թողել, թեկուզ շատ զբաղված եմ լինում տան գործերով: Այնքան նորություներ եմ իմացել այնտեղ՝ երեխաների խնամքի մասին, ֆինանսները խնայելու մասին, հիգիենայի պահպանության մասին…», - ասում է Անիչկան:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել՝ կյանքի որակը: