«Երեք + 1 խոզուկները» կամ ի՞նչ է բուլինգը ժամանակակից աշխարհում
Նոյեմբերի 24-ին Հրազդան քաղաքի Վ․Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երեք + 1 խոզուկները» խորագիրը կրող բուլինգի մասին բեմադրություն։ Միջոցառմանը ներկա էին 9-13 տարեկան աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ինչպես նաև համայնքի սոցիալական աշխատող Արմեն Այվազյանը, դպրոցի տնօրեն Քնքուշ Լևոնյանը, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։
Ներկայացման ընթացքում հեքիաթի հերոսների միջոցով երեխաներին հասանելի եղանակով ու բառապաշարով ներկայացվեց բուլինգի երևույթը, դրա արտահայտման եղանակներն ու հետևանքները։ Ներկայացման ավարտից հետո ինտերակտիվ քննարկման միջոցով երեխաները հնարավորություն ունեցան ներկայացնելու բուլինգի մասին իրենց պատկերացումները, դպրոցական միջավայրում և դրանից դուրս դրա դրսևորման ձևերը։ Աշակերտները խոսեցին նաև այն մասին, թե ինչպես կվարվեն իրենք և ում օգնությանը կդիմեն, եթե հայտնվեն դժվարին իրավիճակում։ Խնդրի մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար աշակերտները մոդերատորի օգնությամբ սկսեցին վերլուծել հեքիաթի հենց այն հատվածները, որոնց մեջ պարզորեն ցուցադրվում է բուլինգի երևույթը։
Քննարկման ավարտին երեխաներին ողջունեց համայնքի սոցիալական աշխատողը, ով ներկայացրեց կյանքի դժվարին իրավիճակների օրինակներ, սոցիալական աշխատողի դերը դրանց հաղթահարման մեջ ու թե ինչպես կարող են իրեն դիմել երեխաները, դպրոցի մասնագետներն ու ծնողները։
Ներկայացումը բեմադրվել է է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում, «Փոփոխությունների թատրոն»-ի հետ համագործակցությամբ։ Ինտերակտիվ ներկայացումների շարքը մեկնարկել է հոկտեմբերի 31-ին և բեմադրվել ՀՀ բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզի մեկ դպրոցում։
Այս հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միմիայն Վորլդ Վիժն Հայաստանը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: