Հաջողության հասնելու համար Լիլիթը նոր մասնագիտություն ձեռք բերեց
Ժպտերես Լիլիթը երիտասարդ մայրիկ է, ունի երկու տղա, ամուսնու հետ ապրում են ժամանակավոր գրանցումով: Հետաքրքրասեր և գործունյա մայրիկը չի սիրում շատ խոսել դժվարություններից, նա հպարտությամբ պատմում է երեխաների, սիրելի ամուսնու և իր երազանքների մասին: Ամուսինն օրավարձով էր գումար աշխատում, հետո մեկնեց արտագնա աշխատանքի:
«Երևի, ամեն ընտանիքում էլ կան դժվարություններ, բոլորն էլ ունեն խնդիրներ, բայց երբ կա աշխատանք՝ շատ հարցեր կարող են լուծվել: Ֆինանսական հարցերի պատճառով բարձրագույն կրթություն չեմ ստացել, փորձում եմ բացը լրացնել ինքնակրթությամբ: Միշտ ցանկացել եմ մատնահարդար աշխատել, վերջապես երազանքս կատարվեց։ Տղաս՝ Գրիգորն, ընդգրկվել էր Վորլդ Վիժնում, երբ մասնագետներն եկան կարիքների գնահատման՝ ես խնդրեցի ինձ ընդառաջել, որ մատնահարդարում սովորեմ»,- պատմում է Լիլիթը:
Վորլդ Վիժն Հայաստանի մասնագետների կողմից իրականացված գնահատման աշխատանքներից հետո Լիլիթի ընտանիքն ընդգրկվեց «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում․ սոցիալական աշխատող Գյուլնարա Պապիկյանի խոսքով՝ Լիլիթը մեծ ոգևորությամբ ընդունեց մատնահարդարման դասերին հաճախելու հնարավորությունը։
«Ես մտածում էի, որ դասերն ավարտելուց հետո պետք է սկսեմ գործ փնտրել, բայց ինձ նաև տվեցին գործիքներ և աշխատանքային նյութեր, ու ես իմ գործը սկսեցի: Մենք վարձով ենք ապրում և կահույք չունեինք, Վորլդ Վիժնի աշխատակիցները նույնիսկ սեղան և աթոռներ բերեցին, իմ անկյունը կահավորեցի»,-հուզված պատմում է Լիլիթը:
Այժմ Լիլիթը գումար է վաստակում իր սիրած գործով և կարծում է, որ հենց դա է երջանկությունը: Նրա առաջին հաճախորդներն իրենց բակից էին, հետո նրանց ծանոթները սկսեցին գալ: Լիլիթը նշում է, որ հարմար գներով է աշխատում, որպեսզի բոլորը խնամված լինելու հնարավորություն ունենան:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
«Վորլդ Վիժն կազմակերպությունը մեր ընտանիքի ամենադժվարին պահերին եղել է մեր կողքին: Շատ տպավորված էի, երբ Կորոնավիրուսի ժամանակ մեզ սննդի մեծ օգնություն տվեցին, չէ որ այդ ժամանակ աշխատելն արգելված էր: Երեխայի դպրոց գնալու ժամանակ էլ մեզ օգնեցին, որ դպրոցական շորեր ու պայուսակ գնենք: Հիգիենայի մասին դասընթացին էլ եմ մասնակցել, պրոֆեսիոնալ մարդիկ բացատրում էին շատ կարևոր նրբություններ, զուգահեռաբար մեզ տրամադրեցին հիգիենայի պարագաների տեսականի: Ես հասկացա, որ կայացած մարդկանց փորձից պետք է սովորենք»,-համոզված ասում է Լիլիթը:
Լիլիթը նաև հաճախում էր Վորլդ Վիժն Հայաստանի դրական ծնողավարության դասընթացներին՝ բարելավելով նաև երեխայի դաստիարակությանն առնչվող իր հմտությունները։
«Տղաս վեց տարեկան է, բայց նույնիսկ նա իմ ուրախությունը կիսում է, երբ ասում եմ, որ մաման հիմա գործ ունի և պետք է չխանգարի մամային՝ ասում է․ «Լավ մամա, աշխատի, որ հետո մեզ բակ տանես»»,-ժպիտով պատմում է Լիլիթը:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել՝ կյանքի որակը: