Համարձակությունը գործի կեսն է
30-ամյա Արմինեն պատմում է, թե ինչպես է փոխել իր կյանքը, ձեռք բերել նոր մասնագիտություն և իր երեխաների համար ապահովել արժանապատիվ կենսական պայմաններ:
Արմինեն ապրում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում երկու անչափահաս երեխաների ու ծնողների հետ։ Ամուսնալուծվելուց հետո երեխաների խնամքն ամբողջությամբ իրականացրել է միայնակ։ Պետության կողմից տրամադրվող ընտանեկան նպաստը չի բավականացրել բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Չունենալով մասնագիտություն՝ Արմինեն ստիպված է եղել աշխատել որպես մաքրուհի, մասնակցել սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես բերքահավաքի աշխատանքներ իրականացրել, թռչնաբուծությամբ զբաղվել, իրականացրել ձվերի վաճառք։
2021թ․-ի ամռանը համայնքի սոցիալական աշխատողի ուղղորդմամբ Արմինեն ներառվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից։
Հաշվի առնելով Արմինեի նախասիրությունն ու հմտությունները՝ որոշում է կայացվել աջակցել նրան սեղանի ձևավորման դասընթացներ անցնելու և համապատասխան պարագաներ ու գործիքներ ստանալու հարցում:
«Չնայած ես կյանքում շատ դժվարությունների եմ բախվել, բայց միշտ ձգտում եմ ունեցել սովորելու, ակտիվ եմ եղել։ Այդքան էլ հեշտ չի երեսուն տարեկանում կրթություն ստանալ։ Ես որոշեցի ընդունվել Ալավերդու միջին մասնագիտական քոլեջ ու ստացա գործավարի որակավորում։ Համայնքապետարանի նախաձեռնությամբ մասնակցել եմ նաև կանանց առաջնորդության ծրագրերին։ Ու երբ դու ձգտում ես ու փորձում ես ինչ-որ բան անել, հավատացեք, նոր հնարավորություններ են բացվում քո ճանապարհին»- պատմում է Արմինեն։
Մինչ CLASS ծրագրում ընդգրկվելը, Արմինեի համայնքում ակտիվության, կանանց առաջնորդության ծրագրերին, համայնքային խնդիրների վերհանման և բարձրաձայնման հարցերում ակտիվ մասնակցության հանգամանքը հաստատել է նաև համայնքի սոցիալական աշխատող Լիլիթ Մարգարյանը:
«Ծրագրի շահառուներին ընտրելիս՝ շատ կարևոր է տեսնել մարդկանց պատրաստակամությունը, աշխատելու և աճելու ցանկությունը։ Ինչպես տեսնում եք, Արմինեն վառ օրինակ է, թե ինչպես կարելի է օգտագործել ցանկացած հնարավորություն սեփական կյանքի պայմանները բարելավելու համար։ 2022թ․—ին ծրագրի շրջանակում Արմինեն անցել է սեղանի ձևավորման դասընթացը ու, թեև այդ ընթացքում նույնիսկ առողջական խնդիրներ ունեցել, դա նրան չի խանգարել հաջողությամբ ավարտել դասընթացը։ Ավելին, սկսելով սեղանի ձևավորումից՝ Արմինեն կարողացել է համալրել իր գործիքները և զբաղվել նաև միջոցառումների ձևավորմամբ: Ներկայում զբաղվում է ինչպես ընտանեկան միջոցառումների, հարսանիքների, տարեդարձների ձևավորմամբ, այնպես էլ հանրային միջոցառումների գեղեցիկ տեսքի ապահովմամբ։ Խոսքը, օրինակ, «Վերջին զանգ» միջոցառման, ինչպես նաև դպրոցներում ու մանկապարտեզներում կազմակերպվող երեկույթների և հանդեսների մասին է»,- պատմում է Լիլիթ Մարգարյանը։
«Երբեք պետք չէ հանձնվել կամ հուսահատվել․ պետք է ունենալ համարձակություն գնալու երազանքի հետևից, իսկ համարձակությունը գործի կեսն է։ Բնականաբար, ես դեռ շատ անելիքներ ու նպատակներ ունեմ, բայց, այսօր արդեն որոշ չափով լուծվել է իմ ընտանիքի կայուն եկամտի հարցը»,- նշում է Արմինեն։ Նա նաև կես կատակ հավելում է, որ իր նոր մասնագիտությունից շահել է նաև Ալավերդի համայնքը, քանի որ նախկինում համայնքում քիչ են եղել միջոցառումների դիզայնի ու սեղանի ձևավորման ծառայությունները, և Ալավերդու բնակիչներն այդ ծառայություններից օգտվելու համար ստիպված են եղել հաճախ հասնել Վանաձոր։ Այժմ այդ ծառայությունների շարքը համալրվել է Արմինեի գործունեության շնորհիվ, որի արդյունքում Ալավերդի համայնքի բնակիչների միջոցառումներն ավելի գեղեցիկ տոնի են վերածվում։
Արմինեն նշում է, որ համայնքում հարսանյաց սրահ հիմնելու նպատակ ունի, քանի որ Ալավերդում հարսանյաց սրահ չկա:
Ներկայում Արմինեի գործունեությունը շարունակում է մնալ Ալավերդի համայնքի սոցիալական աշխատողների ուշադրության կենտրոնում, ովքեր մշտապես կապի մեջ են Արմինեի հետ և փորձում են աջակցել հնարավոր բոլոր դեպքերում։
«Երբ մենք սկսեցինք աշխատել Ալավերդու նոր խոշորացված համայնքում, Արմինեն արդեն ավարտել էր սեղանի ձևավորման դասընթացները, ստացել աշխատանքային գործիքները և սկսել աշխատել։ Մենք տեղեկացանք, որ Արմինեն CLASS ծրագրի շահառուներից է, ծրագրի մասնագետների հետ միասին կապի մեջ ենք Արմինեի հետ, որպեսզի հնարավոր դեպքերում կարողանանք վերջինիս աջակցել իր աշխատանքում»․- նշում է Ալավերդու համայնքի ներկայիս սոցիալական աշխատող Արմինե Շախկյանը։
Այս հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Վորլդ Վիժն Հայաստանը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: