Վերսկսելով կյանքը Հայաստանում. Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ կորցնելուց հետո Անահիտի* ընտանիքը մասնագիտական ​​աջակցություն է ստացել` ոտքի կանգնելու համար

unhcr
Չորեքշաբթի, Օգոստոս 4, 2021

Անահիտի հինգ հոգանոց ընտանիքը փախել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքից 2020 թվականի նոյեմբերի 3-ին, երբ զինված բախումները տեղի էին ունենում արդեն քաղաքի մերձակայքում:

«Ստիպված էինք թողնել ամեն ինչ, մեր ամբողջ ունեցվածքը: Վերցրել ենք միայն մի քանի շոր ու երեխաներին անհրաժեշտ պարագաներ... նույնիսկ անձնագիրս էի մոռացել Շուշիում», - պատմում  է Անահիտը:

Անահիտը, նրա դուստրը և երեք թոռները սկզբում ապաստանել էին Էջմիածնում, այնտեղից տեղափոխվել Շիրակի մարզ, իսկ այժմ ապրում են Երևանի թաղամասերից մեկում:

Երբ հոգեբան Արմինե Խաչատրյանը այցելեց Անահիտի ընտանիքի անդամներին, նրանք ապրում էին ավտոտնակում, որի տերը ստիպում էր ազատել տարածքը: Անահիտը և ընտանիքի մյուս անդամները առանձնապես տեղյակ չէին Լեռնային Ղարաբաղից ժամանածներին տրամադրվող աջակցության առկա ծրագրերին և ունեին ապրելու շատ սահմանափակ ռեսուրսներ:

Շուտով ընտանիքը բնակարան գտավ նույն թաղամասում ու պետական ​​աջակցության ծրագրի շնորհիվ կարողացավ վարձակալել այն:

Հայաստան ժամանելուց անմիջապես հետո Անահիտի ութամյա թոռնուհին ՝ Կարինեն, սկսեց բողոքել ուժեղ գլխացավերից. երեխան նաև շատ վախենում էր աղմուկից:

«Այս խնդիրները սկսվեցին պատերազմի ժամանակ: Ռումբերի ձայնը հենց մեր ականջի տակ էր: Թոռնիկս շատ վախենում է ձայներից, գիշերները երբեմն գոռալով արթնանում է, իսկ քնած ժամանակ լսում եմ` ինչ ծանր է շնչում», - ասում է Անահիտը:

Կարճ ժամանակում ընտանիքի ու երեխայի հետ սկսեց աշխատել նաև սոցիալական աշխատող Ժաննա Ալեքսանյանը:

«Այս ընտանիքին անհրաժեշտ էր մասնագիտական ​​օգնություն ինչպես Անահիտի անձնագրի վերաձևակերպման, այնպես էլ աջակցության ծրագրերից օգտվելու հարցում: Մենք աշխատեցինք նաև փոքր երեխաներին պետական ​​նախադպրոցական հաստատություններում գրանցելու ուղղությամբ», - պատմում է Ժաննան:

«Ես աշխատում եմ Կարինեի հետ, որպեսզի նա կարողանա հաղթահարել իր վախերը և սկսի կանոնավոր հաճախել դպրոց: Մենք նաև օգնում ենք Անահիտին թոռնիկի դասապատրաստման հարցերում, որովհետև երեխան այս ընթացքում շատ բան է բաց թողել», - պատմում է Արմինեն:

«Հիմա մտածում ենք Հայաստանում նորից կյանք սկսելու մասին: Ուզում եմ, որ իմ երեխաները կանոնավոր հաճախեն դպրոց ու մանկապարտեզ, ուզում եմ լուծել փաստաթղթերիս հարցերը,  որպեսզի կարողանանք դիմել այլ պետական ​​ծրագրերի: Եվ շատ շնորհակալ եմ աղջիկներին [Արմինե Խաչատրյանին և Ժաննա Ալեքսանյանին], ովքեր մեզ օգնեցին այս դժվարին օրերին », - ասում է Անահիտը:

Արմինեն և Շուշանը աշխատում են Վորլդ Վիժն Հայաստանում ` ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կողմից ֆինանսավորվող «Արցախից ժամանած ընտանիքների աջակցություն և պաշտպանության ծառայությունների հասանելիության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում:

Նախագիծը նպատակ ունի սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտոության հետևանքով տեղահանված քաղաքացիներին, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանում:

Ծրագրի շրջանակներում`

1. Իրականացվել է Արցախից տեղահանված 17,300 անձանց կարիքների գնահատում:

2.Կատարվել է ավելի քան 3,000 անձանց դեպքի վարում:

3. Ավելի քան 1000 շահառու ուղղորդվել են ստանալու դեպի այլ ծառայություններ:

4. Համագործակցություն է հաստատվել 30-ից ավելի պետական, ոչ պետական ու եկեղեցական կառույցների հետ:

5. 41 հոգեբան և սոցիալական աշխատող ամեն օր այցելում է արցախցի ընտանիքներ ՀՀ բոլոր մարզերում, տրամադրում հոգեբանական աջակցություն` օգնելով.

  • հաղթահարել կյանքի դժվար իրավիճակները,
  • գտնել աշխատանք,
  • սովորել նոր մասնագիտություն

* Հերոսների անունները փոխված են` անձնական կյանքի գաղտնիության իրավունքից ելնելով: