«Քարֆուր Հայաստան»-ի շնորհիվ 150 երեխա կունենա նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ
«Քարֆուր Հայաստանը» միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին՝ նվիրելով 150 նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ կարիքի մեջ գտնվող ընտանիքների երեխաներին։
150 նոր պայուսակներն արդեն ուղևորվել են Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի գյուղարական համայնքներ, որպեսզի դպրոցահասակ 150 երեխաները ուսումնական տարին սկսեն նոր պայուսակներով։
«Քարֆուր Հայաստանն» աջակցում է նաև «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը՝ իր երկու խանութներում տեղադրելով արշավի մասին պատմող պաստառներ և թերթիկներ։
«Երեխաները տարվա յուրաքանչյուր օր ունեն մեր հոգատարության և պաշտպանության կարիքը: Մենք պատասխանատու ենք նրանց անհոգ և ապահով մանկության, ինչպես նաև կիրթ և լուսավոր ապագայի համար, և այդ ճանապարհին չպետք է խոչընդոտ հանդիսանան գրենական պիտույքների և այլ պարագաների բացակայությունը: «Մաջիդ Ալ Ֆութեիմ Հայփերմարքեթս էյ էմ» ՍՊԸ Քարֆուր Հայաստանն իր պարտքն է համարում իր ներդրումն ունենալ չափազանց կարևոր այդ գործում, որը իրականացնել մեզ օգնում է Վորլդ Վիժն Հայաստան-ը: Մենք միասին կշարունակենք հաճելի պահեր ստեղծել բոլորի համար, ամեն օր»,- նշում է խանութի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը։
«Շնորհակալ ենք «Քարֆուր Հայաստան»-ին՝ «Դպրոցի ճամփան» արշավին աջակցելու համար։ Վորլդ Վիժն Հայաստանը խրախուսում է Հայաստանում գործող ընկերություններին և կազմակերպություններին կատարել նվիրատվություններ և այդպիսով իսկ հնարավորություն ստեղծել Հայաստանի ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների համար ապրելու լիարժեք կյանքով», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։
Նվիրատվություն կարելի է անել՝
1. donate.am կայքում (1 նվեր = 5000 ՀՀ դրամ),
2. 77 թվերն ուղարկել 7733 կարճ համարին (1 SMS = 500 ՀՀ դրամ),
3. 77 777 7733 Idram ID-ով փոխանցել ցանկացած գումար:
Վիճակագրություն
Հայաստանում ապրող երեխաների թիվը ըստ վերջին մարդահամարի կազմում է 728,294, որից 18,200 երեխա` այսինքն երեխաների 2,5% -ը, ծայրահեղ աղքատ է․ սա վկայում է «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2015» ուսումնասիրությունը` https://www.armstat.am/file/article/poverty_2016_eng_2.pdf :
Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների կարիքները բազմաթիվ են. բնակության ոչ պատշաճ պայմաններ, արտադասարանային կրթության հնարավորությունների բացակայություն, առողջ և բազմազան սննդի սակավություն, ինչպես նաև պատշաճ հագուստի, կոշիկի, գրքերի և գրենական պիտույքների կարիք։ Շատ հաճախ գրենական պիտույքներ, պատշաճ հագուստ և կոշիկ չունենալու պատճառով հազարավոր երեխաներ պարզապես չեն հաճախում դպրոց և դուրս են մնում կրթությունից։