Վորլդ Վիժն Հայաստանն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի առավել խոցելի երեխաներին և ընտանիքներին
Վորլդ Վիժն Հայաստանը, «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցելով, աղքատության հաղթահարման և սոցիալական աշխատանքի իրականացման իր փորձառությունը տանում է Լեռնային Ղարաբաղ՝ ծառայություններ մատուցելու տեղի առավել խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին։
«Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը սերտորեն կաշխատեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրող 30 բարձր խոցելիություն ունեցող ընտանիքների հետ՝ աջակցելու վերջիններիս հաղթահարել աղքատությունը և ապահովել ինքնաբավ և արժանապատիվ կյանք։
2019թ․-ի սեպտեմբերին Վորլդ Վիժն Հայաստանի և «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպումներ և քննարկումներ ունեցան Հանրապետության նապագահ Բակո Սահակյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, ինչպես նաև համապատասխան նախարարությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ։
«Միջազգային կարգավիճակով պայմանավորված՝ Արցախի բնակչությունը մեծապես զրկված է միջազգային ծրագրերին մասնակցելու և կուտակված փորձին հաղորդակից լինելու ուղիղ հնարավորությունից: Ուստի, հայկական կազմակերպությունները զգալի անելիք ունեն այդ բացը լրացնելու հարցում՝ ակտիվորեն ընդգրկվելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության, կարողությունների զարգացման, աղքատության հաղթահարման և այլ նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման գործընթացներում», - նշում է Արտակ Բեգլարյանը։
Համագործակցությունը «Իմ քայլը» հիմնադրամի հետ և աղքատության վերացմանն ուղղված ջանքերը
Վորլդ Վիժնը Հայաստանում անմիջականորեն աշխատում է 4000 առավել խոցելի ընտանիքների հետ՝ նրանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, ինչպես նաև այս ընտանիքներում ապրող երեխաների իրավունքները պաշտպանելու նպատակով։ Շարունակական և համընդգրկուն սոցիալական աշխատանքի, ինչպես նաև մի շարք մասնագետներ ներգրավելու շնորհիվ, այս ընտանիքները ոչ միայն նյութական աջակցություն են ստանում, այլ նաև մասնագիտական խորհրդատվություն։ Նրանք մասնակցում են դասընթացների, ձեռք են բերում կյանքի կարևորագույն հմտություններ, և շարունակական մասնագիտական հսկողության ու աջակցության միջոցով սկսում են ապրել ավելի կայուն և ինքնաբավ կյանքով՝ աստիճանաբար նաև հաղթահարելով աղքատությունը։
Որպես սոցիալական աշխատանքի հավելում՝ 2017թ․-ից Վորլդ Վիժն Հայաստանը սկսեց իրականացնել նաև «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, որի նպատակն է ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներին դուրս բերել կյանքի այս դժվարին իրավիճակից։ Նախապես Վորլդ Վիժն Հայաստանը ծրագրում ընդգրկել էր 60 ընտանիք (այս ընտանիքների թիվը հետագայում դարձավ 90)։ Այս ընտանիքներին կազմակերպությունը տրամադրեց ինչպես նյութական/բնաիրային աջակցություն, այնպես էլ մասնագիտական կրթություն, վերահսկողություն և շարունակական աջակցություն, ինչի արդյունքում շուտով ավելացավ այս ընտանիքների ինքնուրույնությունը, խնդիրներին դիմակայելու կարողությունը, ձեռնարկատիրական հմտություններն ու գումար աշխատելու հնարավորությունները։
Ամիսներ տևած սոցիալական աշխատանքի և «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի աշխատանքների շնորհիվ դրական տեղաշարժ արձանագրվեց այս ընտանիքների կյանքում․ վերլուծությունները ցույց են տալիս, որ այս ընտանիքների 48%-ը հաղթահարել են ծայրահեղ աղքատությունը, իսկ 82%-ի մոտ արձանագրվել է կյանքի որակի զգալի բարելավում։
2019թ-ին Վորլդ Վիժն Հայաստանը սկսեց ռազմավարական կարևոր համագործակցություն «Իմ քայլը» հիմնադրամի հետ։ Համագործակցության առաջին քայլը եղավ 18 ծայրահեղ աղքատ ընտանիքների հետ «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի իրականացումը։ Այս նախաձեռնության հաջողությունը մեծապես պայմանավորված էր Վորլդ Վիժն Հայաստանի և «Իմ քայլը» հիմնադրամի փորձառու սոցիալական աշխատողների կատարած աշխատանքով, քանի որ վերջիններս կարողացան ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին թե՛ պետական կառույցներից և թե՛ հասարակական կազմակերպություններից։
Փորձառությունը տանում ենք Լեռնային Ղարաբաղ․ երեխաների իրավունքների պաշտպանությունը մնում է հիմնական առաջնահերթություն
Վորլդ Վիժն Հայաստանի և «Իմ քայլը» հիմնադրամի համագործակցությունը շարունակվեց արդեն հանուն Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաների բարեկեցության, իսկ նման որոշումը պայմանավորված էր Հանրապետությունում ապրող երեխաների և նրանց ընտանիքների խոցելիության և աղքատության վիճակագրական մտահոգիչ տվյալներով, ինչպես նաև տարածաշրջանում կայուն զարգացման ծրագրերի սուր կարիքով։
««Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում ընտանիքների հետ աշխատանքում կիրառվում է համապարփակ գործիքակազմ, և անհատական զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվում ընտանիքի յուրահատկություններն ու նախասիրությունները՝ թույլ տալով սակավ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել», - նշում է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
«Վորլդ Վիժն Հայաստանի համար երեխաների բարեկեցությունը հիմնական առաջնահերթությունն է։ Յուրաքանչյուր երեխա, անկախ այն բանից, թե որտեղ է բնակվում, իրավունք ունի արժանատիվ կյանքի և իր իրավունքների պաշտպանության։ Վորլդ Վիժնը սոցիալական աշխատանքի և աղքատության հաղթահարման իր փորձը կբերի Լեռնային Ղարաբաղ՝ աջակցելով ընտանիքներին բարելավելու իրենց և իրենց երեխաների կյանքը», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։
Այս պահին Վորլդ Վիժն Հայաստանի և «Իմ քայլը» հիմնադրամի փորձագետները սերտորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի պատկան մարմինների հետ՝ ընտրելու այն շահառու 40 ընտանիքներին։
Ավելի ուշ Վորլդ Վիժն Հայաստանի և «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական աշխատողները դասընթացներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի մասնագետների հետ՝ սովորեցնելու սոցիալական աշխատանքի մեթոդաբանությունն ու ծրագրի առաձնահատկությունները։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․ երեխաների և ընտանիքների խոցելիությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ինքնահռչակ անկախ հանրապետություն) արևմուտքում սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական հանրապետությանը, իսկ հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանի հանրապետությանը։
Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը սկսել է 1988թ․-ին՝ ի պատասխան հայազգի բնակչության խաղաղ պահանջին՝ յուրացնելու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանի հետ համակամարտությունը թափ է առնում 1991-1994թթ-ին, որին հաջորդում է զինադադարը։
Հակամարտությունը ծանր ազդեցություն է թողնում խաղաղ բնակչության կյանքում։ Քառօրյա զինված հակամարտություն է տեղի ունենում նաև 2016թ-ի ապրիլին, երկու կողմերին էլ պատճառելով հարյուրավոր մահեր։
Սառեցված հակամարտության՝ այս ոչ կայուն կարգավիճակում աղքատության, գործազրկության, արտագաղթի ցուցանիշները բարձր են Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում։ Մինչև վեց տարեկան երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքները աղքատության ռիսկային խմբում են (51.8%)` համեմատած աղքատության ազգային միջին ցուցանիշի հետ (22.8%)[1]։ Աղքատությունը կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսություններում (27.6%) ավելի բարձր է, քանի տղամարդկանց կողմից ղեկավարվող տնային տնտեսություններում (21.4%)։ Լեռնային Ղարաբաղում ապրում է 18000 ներգաղթյալ[2], ավելի քան 460 IDPs (ներքին տեղահանված մարդիկ)[3], որոնք ապրում են ծայրահեղ խոցելիության պայմաններում։
Ավելին, Հանրապետությունում գործազուրկների 91.6%-ը գրանցված է Սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես աշխատանք փնտրողներ։ Գործազուրկ կանանց թիվը հատկապես բարձր է՝ բոլոր գործազուրկների 91.7%-ը։ 2013-15թթ․-ին 15 տարեկան և բարձր երեխա ունեցող տնային տնտեսությունների 40.8%-ը գաղթում է երկրից՝ 15.1%-ը դեպի Հայաստանի Հանրապետություն, իսկ 42.7%-ը Ռուսաստանի Դաշնություն։ Արտագաղթի հիմնական պատճառը աշխատանքն է, այդ թվում նաև սեզոնային աշխատանքը։
Նման ոչ կայուն իրավիճակով պայմանավորված Հանրապետությունում սակավաթիվ են միջազգային կազմակերպությունները։
[1] Ibid.
[2] NK Refugee Organization NGO data
[3] “As a result of the “April war” – escalation on the border, Azerbaijan now controls over the village of Talish, previously the biggest settlement in the area, giving it a strategic vantage point over the mountainous gorge leading into Nagorno-Karabakh’s densely Armenian-populated Martakert region. Similarly, the southern positions it gained on the Lalatapa mountain provide it with a strategic vantage point over Nagorno-Karabakh’s south and parts of the south east, including the Armenian-populated areas of Hadrud and Martuni.” International Crisis Group, Nagorno-Karabakh’s Gathering War Clouds, Europe Report N°244 | 1 June 2017