Ստորագրվեց հուշագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի միջև
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի միջև հոկտեմբերի 15-ին ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր։
Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրին նախարար Նարեկ Մկրտչյանը և կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։
Հուշագիրը ստորագրվել է Վորլդ Վիժնի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում:
Փաստաթղթի նպատակն է կողմերի ջանքերի և ռեսուրսների համատեղման սկզբունքով խթանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումն ու կատարելագործումը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումը և հզորացումը, պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումն ու կատարելագործումը, ինչպես նաև իրականացնել աշխատանքներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների էլեկտրոնային համակարգի (բազայի) ստեղծման ուղղությամբ։
«Ուրախ եմ, որ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը տարիներ ի վեր մի քանի ուղղություններով համագործակցում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ»,- նշեց նախարարը` անդրադառնալով հետևյալ ծրագրերին.
- երեխաներին ծառայությունների մատուցում Վորլդ Վիժնի «Նավակ» կենտրոնների միջոցով,
- տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման հարցում աջակցություն` «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (#CLASS) ծրագրի շրջանակում,
- «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում համայնքահեն ծառայությունների ներդրում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար,
- Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից,
- երիտասարդության զբաղվածության խթանման ծրագրերը:
«Շատ ուրախ եմ հաջող համագործակցության համար և հպարտ եմ, որ Վորլդ Վիժնը դերակատարում ունի ձեր ծրագրերի իրականացման մեջ: Համոզված եմ, որ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում ևս լավ արդյունքներ կունենանք»,-իր հերթին նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: