Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը ուշադրության կենտրոնում
Վորլդ Վիժն Հայաստանն իր նոր «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում աջակցում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մեկնարկած «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի աշխատանքներին։
Արշավի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկա էին ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթև Ստեփանյանը նշեց, որ արշավը ներկայացնելու է թրաֆիքինգը վերապրած մարդկանց՝ որպես պայքարի հիմնական դերակատարներ, և կարևորելու է նրանց լսելն և նրանցից սովորելը։
Խոսնակներն իրենց ելույթներում ներկայացրին ոլորտում մինչ օրս արված աշխատանքները՝ թե ՀՀ կառավարության, և թե միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից։
«Վորլդ Վիժն Հայաստանի ռազմավարությունը կենտրոնում առավել խոցելի երեխաների բարեկեցությունն է։ Եվ մեր ամենօրյա աշխատանքում մենք ականատեսն ենք այն բանին, որ ծայրահեղ աղքատ ընտանիքներն առավել խոցելի են ու հակված՝ դառնալու թրաֆիքինգի և շահագործման զոհ։ Աջակցելով ՀՀ կառավարությանը թրաֆիքինգի դեմ պայքարում՝ Վորլդ Վիժնը նպատակ ունի ապահովել, որ համակարգերն ու մեխանիզմները երաշխավորում են թարֆիքինգի կանխարգելումը, իսկ անհրաժեշտության դեպքում ապահովում են որակյալ վերականգնողական աջակցություն», - իր խոսքում նշեց «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը։