26 համայնքի սոցիալական աշխատողներ ստացան մասնագիտական որակավորման ավարտական վկայականները

Սոցիալական աշխատանք
Երեքշաբթի, Նոյեմբեր 21, 2023

2019թ․-ից Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ուսումնական ծրագրում ներառվել է «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացը, որն իրականացվում է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում։ CLASS-ը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի ջանքերով։

սոցիալական աշխատանք

 

Հոկտեմբերի 17-ին Երևանի Պետական համալսարանում  26 համայնքի սոցիալական աշխատողների ավարտական վկայականների հանձնման միջոցառումն էր։ Շրջանավարտներին ողջույնի խոսքով դիմեցին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փ․գ․թ․, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը, ուսումնական դասընթացի համակարգող Եվգինե Վարդանյանը, ինչպես նաև «Միասին ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գայանե Հովակիմյանը։  ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ Արտաշես Խուրշուդյանն էլ ծավալուն պրեզենտացիայով ներկայացրեց ուսումնական ծրագրի կառուցվածքը և մեթոդաբանությունը, որով աշխատել են՝ հաշվի առնելով նաև ուսանողների արձագանքները այս կամ այն բաղադրիչի հետ կապված։

սոցիալական աշխատանք

 

Ուսումնական ծրագրի առաքելությունը մեկն է․ հնարավորություն տալ Հայաստանի համայնքների սոցիալական աշխատողներին բարելավել իրենց մասնագիտական հմտությունները և ավելի հմուտ աշխատել խոցելի խմբերի հետ։ Ծրագիրը նախատեսված է բացառապես համայնքապետարաններում աշխատող սոցիալական աշխատողների կամ սոցիալական աշխատողի պարտականություններն իրականացնող մասնագետների համար։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում որակավորում է ստացել 61 համայնքի սոցիալական աշխատող, ևս 12-ը ավարտական հավաստագիր կստանան 2024թ.-ին։

«Խոսքն այստեղ ոչ թե դասական կրթական ծրագրի, այլ, բացառապես համայնքներում աշխատող մասնագետների իրական կարիքների վրա հիմնված վերապատրաստման դասընթացի մասին է։ Նպատակը և առաքելությունը մեկն է․ Հայաստանի համայնքներում ունենալ որակյալ սոցիալական ծառայություններ, իսկ դա հնարավոր է միայն պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողներ ունենալու պարագայում։ 2019 թվականից մասնագետների 3 խումբ անցել է վերապատրաստում, ինչը նշանակում է, որ թվով 61 համայնքային սոցիալական աշխատող ձեռք է բերել անհրաժեշտ հմտություններ»,- նշում է ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։

Աիդա Մուրադյան

 

Նրա խոսքով, համայնքների սոցիալական աշխատողների համար նախատեսված կրթական այս ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողները ձեռք են բերել գործնական հմտություններ, որոնց կիրառման անհրաժեշտությունն առաջ եկավ միանգամից՝ հաշվի առնելով այն ճգնաժամային իրավիճակը, որում հայտնվեց Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին ապաստան տալու պայմաններում։  Սա նաև մեծագույն քննություն ու փորձություն էր ծրագիրն ավարտած և ավարտող մարզային սոցիալական աշխատողների համար անմիջապես կիրառելու իրենց մասնագիտական հմտությունները։ Նրա խոսքով, մասնագիտական համայնքը պատվով է անցնում  այդ փորձությունը։

Դասընթացի համակարգող, ս․գ․թ․ Եվգինե Վարդանյանը, ով ծրագրի ամբողջ ընթացքում շփվել  է բոլոր մասնակիցների հետ, վստահեցնում է, որ դասընթացն ավարտած մասնագետներն իրենց համայնքներում բարձր որակի աշխատանք են իրականացնում և իրենց ոլորտում լավագույններից են։

Եվգինե Վարդանյան

 

«Նման դասընթացների արդյունավետությունը երևալու է ժամանակի ընթացքում, սակայն այսօր էլ մենք տեսնում ենք, թե ինչպես են համայնքային սոցիալական աշխատողները այս ճգնաժամային իրավիճակում բարձր պրոֆեսիոնալիզմով ու նվիրումով իրականացնում իրենց աշխատանքը։ Այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունենք, բայց, միաժամանակ, հպարտ եմ տեսնելու, թե ինչպես է այս օրերին աշխատում սոցիալական աշխատողների համայնքը։ Մեզ համար հաջողության կարևոր ցուցանիշ է այն, որ բոլոր սոցիալական աշխատողները շարունակում են աշխատել իրենց ոլորտում։ Պետք է նշեմ նաև, որ դասընթացի արդյունավետության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ ծրագրով իրականացված Հայաստանում սոցիալական աշխատուժի գնահատման նախնական արդյունքների համաձայն՝ դասընթացը ճանաչվել է սոցիալական ոլորտի աշխատուժի զարգացման հիմնական ձեռքբերումներից մեկը»,- նշում է Եվգինե Վարդանյանը։  

Ուսումնական ծրագիրը մշակվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից։ Դասավանդման համար ներգրավված են եղել ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր թե՛ օնլայն, թե՛ լսարանային ձևաչափով աշխատել են ուսանողների հետ։

սոցիալական աշխատանք

 

«Դասընթացի թե՛ բովանդակությունը, թե՛ մատուցման եղանակը մշտապես բարելավվել են ուսանողներից ստացված շարունակական հետադարձ կապի ու գնահատման միջոցով։ Օրինակ, ուսանողների կողմից առաջարկներ են եղել դասընթացում խաղաֆիկացման բաղադրիչների ու ինտերակտիվ տեսանյութերի կիրառման ուղղությամբ, ինչը մենք դիտարկելու ենք ապագայում։ Եղել է նաև առաջարկ դասընթացն ավելի փոքր կտորների բաժանելու և միկրոուսուցման համար ավելի հարմար դարձնելու համար։ Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր ու գրագետ առաջարկներ ենք ստացել մեր ուսանողներից։ Ի վերջո, ցանկացած նոր դասընթաց ժամանակի ընթացքում մշակումների կարիք է ունենում, և այս հարցում հենց իրենց՝ ուսանողների մասնակցությունը անչափ օգտակար է»,- իր պրեզենտացիայի ընթացքում նշում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ Արտաշես Խուրշուդյանը։

Համայնքային սոցիալական աշխատողները, ովքեր հնարավորություն ունեին իրենց նորից ուսանող զգալու դասընթացի ամբողջ ժամանակահատվածում, ևս շատ կարևորում են ձեռք բերված պրակտիկ հմտությունները։

սոցիալական աշխատանք

 

Այս հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Դասընթացի բովանդակության համար պատասխանատու են միմիայն Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: