Մասնագիտություն, որ կենսակերպ է դարձել․ Անժելայի պատմությունը

Anzhela
Ուրբաթ, Մայիս 22, 2020

«Սոցիալական աշխատողի մասնագիտությունը կենսակերպ է դարձել», - ժպտում է Անժելան, - «յուրաքանչյուրն իր աշխատանքը պետք է սիրի և հարգի»:

Երբ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարվեց, Անժելա Տեր-Գրիգորյանն առաջիններից էր Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ով արագ մոբիլիզացրեց ռեսուրսները և սկսեց աջակցել համավարակի հետևանքով կարիքի մեջ հայտնված ընտանիքներին։

Այս խոշորացված համայնքի բնակիչները լավ գիտեն, թե ինչ դեր ունի սոցիալական աշխատողը իրենց խնդիրների լուծման գործում Անժելան մշտապես իրենց կողքին է, աջակցում է, խորհուրդ է տալիս, համակարգում և կազմակերպում է անհրաժեշտ աջակցության տրամադրումը։

AnzhelaԱրտակարգ դրության պայմաններում Անժելան, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, շրջում էր խոշորացված համայնքի բնակավայրերում, կատարում էր հեռախոսազանգեր՝  բացահայտելու համար գյուղացիների խնդիրները: «Արտակարգ դրության պայմաններում կարիքի մեջ ապրող մարդիկ էլ ավելի ծանր իրավիճակում են հայտնվում, նրանք առավել, քան որևէ մեկը, աջակցության և խորհրդատվության կարիք ունեն», - պատմում է Անժելան, - «Պետք չէ սպասել, որ բնակիչները կգան ու կդիմեն։ Այս օրերին անձամբ է պետք կապ հաստատել մարդկանց հետ»։ Հասկանալով, որ այս խնդիրները համատարած են, Անժելան համայնքի Մշակույթի տանը հիմնում է «Հրատապ աջակցության անկյուն», սեփական նախաձեռնությամբ հայտնաբերում է  ռեսուրսներ, որոնց շնորհիվ բնակչությանը տրամադրում է հագուստ, սնունդ, դեղորայք, հիգիենիկ և այլ պարագաներ: «Բնակիչների հոգսերը շատ են, համայնքը հնարավորության սահմաններում պետք է արձագանքի բոլոր կարիքավոր քաղաքացիների ահազանգերին», - նշում է Անժելան:

Անժելան նաև աջակցում է բնակիչներին օգտվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով պետության սահմանած սոցիալական  ծրագրերից` երբեմն նրանց փոխարեն լրացնելով առցանց դիմումները:

«Շատ բնակիչների համար առցանց հարթակներն անհասանելի են անհրաժեշտություն կա նրանց փոխարեն լրացնել դիմումները, որպեսզի չզրկվեն պետական աջակցությունից», - նշում է նա։

Մինչ արտակարգ դրությունը Անժելան ակտիվորեն աշխատանքներ է ծավալել թե՛ համայնքի երիտասարդների, թե կանանց և երեխաների հետ։ Հիմնել է «Համատեղ երիտասարդների խորհուրդը», որի շրջանակներում ձևավորվել է երիտասարդ կամավորների խումբ: «Մեր երիտասարդները իրազեկված են համայնքի խնդիրներին, և փորձում ենք ակտիվ գործունեության շնորհիվ թեթևացնել դրանք», - նշում է Անժելան։

Անժելան սերտորեն աշխատում է նաև համայնքի խոցելի խմբերի կանանց հետ: Անժելայի ջանքերի շնորհիվ համայնքում ստեղծվել է կանանց խորհուրդ, որն օգնում է խոցելի կանանց լինել ավելի իրազեկված և հաղթահարել իրենց առջև ծագած խնդիրները։

Անժելա Տեր-Գրիգորյանը Երևանի պետական համալսարանի «Համայնքային սոցիալական աշխատանք» 11-ամսյա առցանց Anzhelaդասընթացի  առաջին 19 շրջանավարտներից մեկն է: Այդ դասընթացը մշակվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ: «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի իրականացման ընթացքում Անժելան իր ավելի քան 85 գործընկերների հետ միասին մասնակցել է նաև աշխատանքին վերաբերող կարողությունների զարգացման մի շարք վերապատրաստումների և մինչ այսօր շարունակում է աշխատել ավագ սոցիալական աշխատողների հետ սուպերվիզիայի շրջանակներում:     

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի միջոցով Վորլդ Վիժն Հայաստանը և ԱՄՆ ՄԶԳ-ը աջակցում են Հայաստանին՝ արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով ամրապնդելու սոցիալական պաշտպանության համակարգը, ինչպես նաև բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը:                           

Համայնքի մասին

Տեղ խոշորացված համայնքը ձևավորվել է 2016թ.-ի սեպտեմբերին: Այն ընդգրկում է 7 բնակավայր` ընդհանուր 5504 բնակչությամբ, որոնցից 1004-ը կենսաթոշակառուներ են: Համայնքի կենտրոնը Տեղ բնակավայրն է:

Ծանուցում՝ պատմության մեջ օգտագործված նկարներն արվել են ՔՈՎԻԴ-19 համավարակից առաջ։

Այս պատմության հրապարակումը հնարավոր է դարձել Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ﬕջոցով: Այս նյութի բովանդակության համար պատասխանատու է միմիայն Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: