Տրամադրում ենք անհրաժեշտ սարքավորումներ Հայաստանում սոցիալական աշխատողի ոլորտը զարգացնելու համար
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը հանձնեցին սարքավորումներ և կահույք Տավուշի մարզի Այրում քաղաքի սոցիալական աշխատող Թագուհի Մաճկալյանին՝ Հայաստանում սոցիալական ոլորտի հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակներում։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։ Այս ծրագիրն իրականացնում են Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը։
Կահույքը և սարքավորումները, որ ներառում են համակարգիչ, տպիչ, գրասեղան, աթոռ և պահարան կօգնեն Թագուհուն ոչ միայն ունենալ բարենպաստ աշխատանքային պայմաններ, այլ նաև ապահովել քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։
Այս տարվա հունիս ամսից սկսած նմանատիպ աջակցություն է ստացել ևս 30 համայնք Հայաստանի հինգ մարզերում:
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
- Ծրագրի, ինչպես նաև կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շնորհիվ 86 համայնքում այսօր աշխատում է 91 (71 կին, 20 տղամարդ) համայնքի սոցիալական աշխատող:
- Ծրագրի ընթացքում 6581 առավել խոցելի ընտանիքների ավելի քան 29000 անդամ ստացել է համայնքի սոցիալական աշխատողի խորհրդատվություն և աջակցություն:
- 1151 ընտանիքների հետ մշակվել և իրականացվել են ընտանիքների զարգացման ծրագրեր: Համայնքային սոցիալական աշխատողները նաև ակտիվ ներգրաված են հաստատությունից տուն վերադարձած երեխաների և նրանց ընտանիքների վերամիավորման և այդ ընտանիքների բարեկեցության մշտադիտարկման իրականացման գործընթացում:
- 2018թ․-ին մշակվել է համայնքի սոցիալական աշխատողի հեռավար ուսուցման հատուկ դասընթաց՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ: 2019թ․ին այս դասընթացն ավարտել և հատուկ հավաստագիր է ստացել 19 համայնքային սոցիալական աշխատողներ: 2020թ․-ին ևս 16 սոցիալական աշխատող ներառվել է նշված հատուկ դասընթացում, որի տևողությունը 11 ամիս է:
- 61 համայնքային սոցիալական աշխատող երեք տարի շարունակ մասնակցել է վերապատրաստումների գործող օրենսդրության, սոցիալական ծառայությունների ինստիտուտի կարևորության, սոցիալական դեպքերի վարման մեթոդաբանության և գործիքների վերաբերյալ: Այս վերապատրաստումների ծրագրերը նախապես քննարկվել և հաստատվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ:
- Ծրագիրը աջակցել է նաև Երևան քաղաքի սոցիալական բարեփոխումների իրականացմանը, որի արդյունքում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում 2020թ․ին ներդրվելու են համայնքային սոցիալական աշխատողների հաստիքներ: Այս տարվա ընթացքում ծրագիրը նախատեսում է վերապատրաստում իրականացնել Երևան քաղաքի 54 սոցիալական աշխատողի համար:
- Ծրագիրը մշակել է ոլորտը կարգավորող փաստաթղթերի փաթեթ՝ համայնքային սոցիալական աշխատողի աշխատանքների նկարագիր, մեթոդաբանություն, մասնագիտական բառարան, իրավունքների ու պարտականությունների թերթիկ, վերապատրաստողների ձեռնարկ, COVID-19 համավարակի պայմաններում սոցիալական աշխատանքի իրականացման ուղեցույց և այլն:
- Ապահովելու համար ծրագրի մասնագիտական բաղադրիչը և համապատասխանությունը սոցիալական ոլորտի ռեֆորմներին, ծրագիրը սերտ համագործակցում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության հետ: