CLASS ծրագրով վերապատրաստված Շողիկը դարձել է Չարենցավան համայնքի շտապ օգնությունը

Class family
Tuesday, August 16, 2022

Շողիկը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի միակ սոցիալական աշխատողն է, մասնագիտությամբ՝ ինժեներ։ Առաջին արցախյան պատերազմում կորցրել է իր ամուսնուն, ինչից հետո էլ մնացել է համայնքում և կյանքի նպատակ դարձրել մարդկանց օգնելն ու տեղացիների կյանքը բարելավելը։ Մարդկանց գործնականում օգնելու լավագույն միջոցը սոցիալական աշխատանքն է, որի նրբություններին Շողիկը տիրապետում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող  «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շնորհիվ։

«Իմ կյանքի փորձությունն ու դժվարությունների միջով միայնակ անցնելու փորձս առիթ դարձան, որ ապրեմ ամեն օր մի լավ բան անելու կարգախոսով։ Երբ հանդիպում եմ ընտանիքների, որոնք, օրինակ, կենցաղային կամ այլ խնդիրների պատճառով կանգնած են ամուսնալուծության շեմին, հիշում եմ միայնակ անցածս ուղին ու ամեն ինչ անում, որ հարթեմ ընտանիքում ծագած խնդիրները»,- պատմում է Շողիկը։

social work

Վերջինիս ջանքերի շնորհիվ՝ շատ ընտանիքներ են հարթել իրենց խնդիրները։ Երբեմն կատակում է․ «Երբ մի փոքր վեճ է լինում, զանգում են, ասում՝ անցյալ անգամ օգնեցիր, արի տեսնենք՝ այս անգամ ինչ ենք անում»։

 «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացված հեռաուսուցման դասընթացների ու վերապատրաստումների շնորհիվ Շողիկը  ձեռք է բերել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շահառու ընտանիքների հետ աշխատելու հատուկ մասնագիտական հմտություններ, օրինակ՝ ինչպես հոգեբանորեն ճիշտ ուղղորդել, լուծումներ գտնել և դրականորեն ազդել մարդկանց կյանքի վրա։

Նման առանցքային ազդեցություն Շողիկի աշխատանքի շնորհիվ եղավ համայնքի բնակիչներից 21-ամյա Ֆլորայի կյանքում։ Ֆլորան ավարտել է Չարենցավանի պետական քոլեջի «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» բաժինը, բայց հայրը դեմ էր, որ աղջիկն աշխատի այս ոլորտում։ Հայրը նախկին զինվորական է, ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, հիմնական աշխատանք չունի, իսկ մայրը՝ Ռուզաննան, առողջական խնդիրներ ունի ու զբաղվում է հաշմանդամություն ունեցող կրտսեր աղջկա խնամքով։

Flora

Ընտանիքի ապրուստի պայմանների գնահատում իրականացնելուց հետո  սոցիալական աշխատողն առաջարկեց նրանց ընդգրկել Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում։  

Ընտանիքի ավագ դուստրն էլ՝ Ֆլորան, ընդգրկվեց ավիատոմսերի վաճառքի մասնագիտական ուսուցման ծրագրում, Երևան քաղաքում: Մեծ ցանկություն ունենալով աշխատել զբոսաշրջության ոլորտում՝ Ֆլորան գերազանց ավարտել է մասնագիտական կուրսը։

Այժմ Ֆլորան նոր մասնագիտությամբ աշխատելու հայտով դիմել է մի քանի զբուսաշրջության ընկերություններիու մեծ ոգևորությամբ է խոսում մասնագիտական նոր կյանքի մասին։  

Շողիկի շնորհիվ Ֆլորայի ընտանիքում հիմա խաղաղություն է։ Ծնողներն անհամբեր սպասում են աղջկա հաջողություններին, հատկապես՝ հայրը, շատ նպատակներ ունեն ու համոզված են, որ կարդարացնի։

Շողիկը խոստովանում է, որ վերջին տարում ավելի շատ են զգում սոցիալական աշխատողի կարիքը․ «Եթե հինգ տարի առաջ մի քանի ընտանիք կար ընդգրկված ծրագրում, հիմա շահառուները չափազանց շատ են, փորձում եմ բոլորի հետ կապը պահել, երբեմն ուղղակի զանգահարում են, ասում են՝ արի, շատ ժամանակ չեմ ունենում, բայց փորձում եմ բոլորի խնդիրները լուծել ու կապը պահել։ Ամենակարևորը՝ ուզում եմ բոլորի ընտանիքներում խաղաղություն լինի»։

Այժմ Վորլդ Վիժնի, Մանկական Զարգացման Հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը աջակցում է Հայաստանում սոցիալական պաշտպանության և բռնության կանխարգելման համայնքահեն համակարգի բարելավմանը, առավել խոցելի, այդ թվում՝ պատերազմից տուժած երեխաների և ընտանիքների կյանքի բարելավմանը։

CLASS-ը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը, Մանկական զարգացման հիմնադրամը, Կանանց աջակցման կենտրոնը և «ԱՌՆԱՊ» հիմնադրամը։