Լուսինեի ընտանիքն արդեն կարողանում է կայուն եկամուտ ստեղծել

Լուսինե
Tuesday, December 6, 2022

Երկու երեխայի մայրիկ Լուսինեի՝ վեց հոգուց բաղկացած ընտանիքը բնակվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի գյուղերից մեկում։ Տարիներ շարունակ Լուսինեի ամուսինը կարողանում էր հոգալ ընտանիքի կարիքները՝ արտագնա աշխատանքով զբաղվելու շնորհիվ, որն էլ հանդիսանում էր նրանց եկամտի հիմնական աղբյուրը։

Սակայն ամեն ինչ փոխվեց 2020 թվականին, երբ COVID-19 համաճարակի պատճառով ընտանիքը հայտնվեց կյանքի դժվարին իրավիճակում։ Ծնողների համար բարդ էր անգամ երեխաներին սնունդով, հագուստով, հիգիենայի պարագաներով ապահովելը։

Ընտանիքի կյանքում դրական փոփոխությունները սկսվեցին, երբ Վորլդ Վիժնի աշխատակիցներն այցելեցին Լուսինեին և առաջարկեցին նրան աջակցել «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում։

«Աղքատության փուլային հաղթահարման» ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

«Առաջինը Վորլդ Վիժնի կողմից որպես օգնություն ստացանք մեր կովը։ Այնքանով էինք ուրախ, որ կովը երբ բերեցին, մեկ ամիս հետո արդեն հորթ ունեցավ, մեր բախտը բերեց։ Մեզ խոտ էլ տվեցին, դա էլ մեծ աջակցություն էր», - պատմում է Լուսինեն։

Ընտանիքը նախկինում զբաղվել էր անասնապահությամբ և ուներ որոշակի հմտություններ և փորձ։ Այժմ, կովից ստացված կաթի մի մասը ընտանիքն օգտագործում է որպես սնունդ, մյուս մասն էլ կարողանում է վաճառել ու կայուն եկամուտ ստանալ։ Լուսինեն ուրախությամբ նշում է, որ մեկ տարի անց կովը կրկին հորթ է ունեցել, ինչի շնորհիվ էլ նրանք նախատեսում են զարգացնել անասնապահությունը։

«Երեխաների համար սա մեծ աջակցություն էր։ Երբ փոքր աղջիկս նոր էր ծնվել, փոշի կաթ էի տալիս, կաթը գնում էի, կամ հարևաններն էին տալիս։ Իսկ հիմա տանը մշտապես և՛ մածուն, և՛ պանիր կա․ դա մեծ բան է երեխաներիս համար»,- ասում է Լուսինեն։

Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողները պարբերաբար աշխատել են այս ընտանիքի հետ։ Լուսինեն և երեխաների տատիկը՝ Թամարան, մասնակցել են մի շարք դասընթացների՝ սովորել են դրական ծնողավարության և երեխաների դաստիարակության մասին, ստացել են ֆինանսական գրագիտության և խնայողությունների մասին գիտելիքներ։

«Շատ գիտելիք եմ ստացել սննդակարգի վերաբերյալ՝ ինչպես ճիշտ օգտագործել, որն է օգտակար։ Ճիշտ է, մենք գիտեինք որոշակի չափով, բայց դասընթացից հետո շատ ավելին իմացանք։ Նաև սովորեցինք ինչպես պետք է ծախսերը հաշվել, ամսական որքան գումար կարող ենք հատկացնել ծախսելու համար և որքան կարող ենք մի կողմ դնել։ Սա մեզ տալիս է հնարավորություն մտածելու, թե ինչպես կարելի է տնտեսել», - ասում է երկու երեխաների մայրը։

Ընտանիքի համար մեծ ձեռքբերում է հատկապես այն, որ Լուսինեն կարողացել է նաև աշխատանք գտնել և տևական ժամանակ աշխատել որպես սոցիալական մանկավարժ՝ Վորլդ Վիժնի կողմից բացված երկարօրյա դպրոցում։ Նա, ունենալով բարձրագույն կրթություն տվյալ բնագավառում, աշխատանքի ընթացքում որոշեց կրթությունը շարունակել նաև մագիստրատուրայում:

«Իսկապես կանգնած էր բոլորիս կողքին Վորլդ Վիժնը, ամեն ինչով աջակցում էին ընտանիքներին։ Սոց․ աշխատողները մշտապես օգնել ու աջակցել են ինչ հարցով զանգահարել ենք», - եզրափակում է իր խոսքը Լուսինեն։

«Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունավետությունը կայուն է: Ծրագրին մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: